Իմ եղբայր Էդգարը

10384805_457231527751078_6410854369668857809_n
Անցյալ շաբաթ քնելուց առաջ մայրիկն ինձ համբուրեց ու ասաց, որ առավոտյան, երբ արթնանամ, ապերիկս արդեն ծնված կլինի: Ես չկարողացա ինձ զսպել ու լաց եղա: Հասկացա, որ իմ քնելուց հետո նա հայրիկի հետ հիվանդանոց է գնալու ու նրան առաջին անգամ երեք օր շարունակ չեմ տեսնելու: Խնդրում էի, որ ինձ էլ տանեն իրենց հետ: Տեսնելով, որ չեմ հանգստանում, նրանք ինձ ասացին, որ առավոտյան են գնալու հիվանդանոց, բայց գիշերը թաքուն գնացին: Իսկ երբ արթնացա, տատիկն ասաց, որ Էդգարը ծնվել է: Ավելի ճիշտ այդ ժամանակ իմ եղբայրը դեռ անուն չուներ: Մինչև ծնվելը ինչ անուն ասես, որ չէինք որոշել նրա համար: Ամենասկզբից, երբ բժիշկն ասել էր, որ եղբայրս ծնվելու է օգոստոսի 30-ին, իսկ հենց այդ օրը տասը տարի առաջ՝ 2004 թ-ի օգոստոսի 30-ին մահացել էր պապիկս, ծնողներս որոշում են եղբորս կոչել պապիկիս անվամբ՝ Ալբերտ: Բայց դա դեռ ամենը չէ: Երբ տասը տարի առաջ այդ օրը մայրիկս վերջին անգամ տեսնում է իր հայրիկին, նա Աստծուց խնդրում է հետևյալը.«Աստվա՛ծ ջան, երանի տասը տարի հետո այս նույն օրը»: Մայրիկն ասում է, որ ինքն էլ լավ չի հասկացել, թե այդ ինչ խնդրանք է դուրս եկել իր սրտից, բայց երևի ի նկատի է ունեցել՝ երանի աչքերս փակեմ-բացեմ ու տասը տարին անցած լինի, որպեսզի ժամանակը բուժի ցավը:
Եղբայրս ծնվեց օգոստոսի 30-ին, սակայն պապիկիս անունը մայրիկս զիջեց իր եղբորը, իսկ իմ եղբորը անվանեցին Էդգար: Էլենը՝ քույրիկս, շատ էր ուզում, որ ապերիկի անունը նույնպես «Է» տառով սկսվի: Բացի այդ ծնողներիս այդ անունը դուր էր գալիս:
10617699_755750644471933_276693058_n
Սեպտեմբերի երկուսին փուչիկներով ու ծաղիկներով գնացինք մեր Էդգարին տուն բերելու: Հիվանդանոցում իմ փուչիկներից մի քանիսը պայթեցին ու բոլորը սկսեցին ինձ նախատել, բայց ես այնքան երջանիկ էի, որ ուշադրություն չէի դարձնում ոչ մեկի նախատինքին:
Հիմա ամեն առավոտ Էդգարը մեզանից շուտ է արթնանում և մեզ դպրոց է ճանապարհում, իսկ հետո հանգիստ քնում է բակում՝ իր մանկասայլակի մեջ: Նա շատ փոքրիկ է, բայց շատ համով է: Հիմա նա միայն ուտելու մասին է մտածում, երբեմն երազ է տեսնում ու երազի մեջ ժպտում: Ինձ թվում է, որ նա երազի մեջ էլ կաթիկ է տեսնում: Ինձ նաև թվում է, թե Թումանյանի «Թռչունը» բանաստեղծությունը իմ ապերիկի մասին է , միայն թե նրա համար աշխարհը կաթից է շինած ու մայրս է շինում:

Leave a comment